Րաֆֆիով ԲՀԿ-ին զսպեցին, ԲՀԿ-ով էլ պատրաստվում են Րաֆֆո՞ւն զսպել

Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության՝ միասնական ձեւաչափով հանդես գալու ոգորումները դեռ մարմին չստացած աննյութանում են, քանի որ ԲՀԿ-ն այդպիսի ձեւաչափը տեսնում է միայն իր առանցքի շուրջը, «Ժառանգությունն՝ իր, մյուսներն էլ դեռ մտմտում են։ Այդ մասին գրում է «Ազգ» թերթը։

«Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքը Հայաստանի կեսն է, եւ միգուցե ավելին, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այս առումով քաղաքական տեսակետից շատ է կարեւորվում: Իշխող մեծամասնություն ՀՀԿ-ն, բնականաբար, կրկին ուզում է ունենալ դա: Մինչդեռ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ոչ միայն Րաֆֆու ֆենոմենը կրկնելու փորձ է ուզում անել, այլեւ անգամ Գագիկ Ծառուկյանի խոսքով’ մասնակցում է հաղթելու համար: Դա նաեւ կարող է մեկ այլ քաղաքական ենթատեքստ ստանալ’ վիճարկելով ընդհանրապես երկրորդ քաղաքական ուժ լինելու հայտը ողջ քաղաքական դաշտի համար, ինչը, ըստ նախագահական ընտրություններում երկրորդ արդյունք ցույց տված «Ժառանգության»’ հենց իրենք են, որ կան, մինչդեռ այժմ ԲՀԿ-ն է ուզում մկաններ ցույց տալ Րաֆֆուն եւ մյուսներին ու անգամ իրենով անել քաղաքապետի պաշտոնը: Այս իմաստով հետաքրքրական է, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է հենց քաղաքական դեմք համարվող Վարդան Օսկանյանը: Այնպես որ նախագահական ընտրություններին գործոն դարձած Րաֆֆուն այս անգամ գուցե հակակշռի ավագանու ընտրություններում գործոն դառնալ ցանկացող ԲՀԿ-ն: Ստացվում է, որ Րաֆֆիով ԲՀԿ-ին զսպեցին, իսկ ԲՀԿ-ով էլ այժմ պատրաստվում են Րաֆֆուն զսպել»,- գրում է «Ազգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում