ՄԻՊ զեկույց. ՏՄՊՊՀ-ը հիմնականում հատվածական է ուսումնասիրել հակամրցակցային դրսևորումները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացնում է «Մարդու իրավունքների վիճակը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012»-ը, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.

Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:

Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:

Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):

Արձանագրված դրական զարգացումները

Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:

Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:

Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ’ մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով»:

Ըստ աղբյուրի, հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Էկոնոմիկայի նախարարության բաժինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում