Դեսպան Նազարյան. «ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ հանուն կանանց հավասար իրավունքների»

Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ ունեցավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է «Կանանց եւ աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ’ դեսպան Նազարյանը վստահություն հայտնեց, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղիները գտնելու համար: Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները` դեսպանը կարեւորեց «Կանանց կարգավիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները եւ հիմնական թիրախները: Նա նաեւ նշեց, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում` ամրապնդելով քաղաքական, իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտը, բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը: Դեսպան Նազարյանը նկատեց, որ չնայած այդ ջանքերի, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են’ ստանալով նոր ձեւեր ու դրսեւորումներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ` խթանելու եւ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը: Նա իր ելույթը եզրափակեց’ նշելով, որ «Անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները’ նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաեւ կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում