Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին
Նմանատիպ
Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին և նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնություններին: Այս մասին հայտարարվեց Երկրապահ կամավորական միության 11-րդ համագումարում: Համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանից, թե ինչպիսին է լինելու աջակցությունը: Մանվել Գրիգորյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը նորություն չէ: Այդ համագործակցությունը տարիների պատմություն ունի:
«Դեռ 1990 թվականից կամավորականները համագործակցում են Հանրապետական կուսակցության հետ: ԵԿՄ-ի առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանը երկրապահ կամավորական է եղել: Հաջորդ նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, ով նույնպես երկրապահ է եղել: Այսինքն` տարիներ առաջվանից այդ համագործակցությունը կա: Այնպես, որ մեր աջակցությունը պատահական չէ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել է ԵԿՄ 8 անդամ: Մանվել Գրիգորյանը դա բնական է համարում: «Մարդիկ ցանկացել են մասնակցել և ներկայացրել են իրենց թեկնածությունը: Այսօր վաղ է նրանց շանսերից խոսելը: Ինչ վերաբերում է իմ անձին, ապա Հանրապետականի ցուցակում իմ անունն ընդգրկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Սեյրան Սարոյանը նույնպես անդրադարձավ ռեյտինգային ցուցակներին: Նա նշեց, որ հասարակությունը ինքը կորոշի, թե ում տա իր քվեն: «Եթե ժողովուրդը չընտրի, խնդրի չէ: Իմ ընտրատարածքում առաջադրվել է նաև Առաքել Մովսիսյանը, ով իմ ընկերն է, մենք մրցակից չենք: Ժողովուրդն ում շատ ձայն կտա, մենք կողջունենք և կուղարկեք Ազգային ժողով»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ԵԿՄ-ի վարչության կազմում չվերընտրվեցին Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը: Հարցին անդրադարձավ Մանվել Գրիգորյանը: «Իրենց հրավեր ուղարկվել է, որ գային, ներկա լինեին: Թե ինչու չկան, իրենցից հարցրեք: Իրենք չցանկացան մասնակցել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում