Ադրբեջանի սադրանքներին լավագույն պատասխանը ուժեղ բանակ ունենալն է. Մանվել Գրիգորյան
Նմանատիպ
Ադրբեջանի սադրանքներին լավագույն պատասխանը ուժեղ բանակ ունենալն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Սահմանային լարվածությունը 1988 թվականից կա: Այդ սադրանքների լավագույն պատասխանն ուժեղ բանակ ունենալն է: Թշնամին պետք է գիտակցի, որ մեր զինվորը պատրաստ է ամեն ինչի: Ինչպես նախկինում ենք ասել, միայն մեր դիակների վրայով պետք է անցնեն, որ կարողանան մտնել Հայաստան: Ես անկեղծ եմ ասում, այսօր շատ եմ հպարտանում մեր սպայական կազմով, զինվորներով: Կարծում եմ, որ մեր երկրում աղջիկները նույնպես պետք է ուժեղ զինվոր լինեն: Երկիրը պետք է մասսայական պատրաստ լինի ամեն ինչին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Մանվել Գրիգորյանը նշեց, որ բանակում բացթողումներ, խնդիրներ կան, և դրանք չենք թաքցվում, այդ մասին բարձրաձայնվում է: Նրա խոսքով, այդ խնդիրների լուծումը պետք է շարունակական գործընթաց լինի: «Այսօր, այս պահին, սահմանին հակառակորդը Դ-44 է կիրառում, դա հակատանկային զենք է, այդ զինատեսակով հարվածում է դիրքերին: Դա նշանակում է, որ մենք պետք է ամեն օր պատրաստ լինենք ցանկացած զարգացումների: Ինչպես ասում են, խրամատի մեջ պետք է խրամատավորվես: Հակառակորդի ամեն մի զենքի դիմաց պետք է նորը, ավելի լավը ձեռք բերենք: Մեր առավելությունը պետք է լ ինի մեր գիտելիքը, ճկունությունը, մարտական բարձր պատրաստվածությունը»,-ավելացրեց Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Գրիգորյանը, դիմելով լրագրողներին, նշեց, որ պետք է անդրադառնալ բանակի խնդիրներին, սակայն մեկ դեպքը պետք չէ ընդհանրացնել և ասել, որ ամեն ինչ բանակում վատ է: Դա թուրքի ջրաղացին ջուր լցնել է նշանակում: