Սուր շնչառական վարակներն աճել են Հայաստանում

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ’ գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը’ 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը’ 10688), այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ նախարարության՝ այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ:

Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը’ ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում: Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով’ ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում.

Մարզերում գրանցվել է սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ, Երևանում’ սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ:

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր’ պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը’ գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ’ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)’ չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին:

Կարևորելով վերը նշվածը և հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը’ ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.

• գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ

• չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման

• չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ

• եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ’ պահպանել 2մ հեռավորություն

• չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն

• պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

• խստորեն հետևել անձնական հիգիենային

• հագնվել եղանակին համահունչ

• հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում