Ադրբեջանցի լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Նմանատիպ
«Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալին այսօր Բաքվի դատարանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Զեյնալին ձերբակալվել էր 2011թ.-ի հոկտեմբերին, իսկ դատական գործընթացը սկսվել էր 2012թ.-ի մայիսին։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 311.3.3 (խոշոր չափերի կաշառք վերցնելու) և 311.4 (սպառնալիքներով գումար շորթելու), 306 (դատարանի որոշումը չկատարելու) և 213.1 (խոշոր չափի հարկերի վճարումից խուսափելու) հոդվածներով։
Ազատ արձակվելուց հետո լրագրողը պետք է վճարի 4076 մանաթ տուգանք, ինչպես նաև նա մոտ մեկ տարի իրավունք չի ունենա զբաղվել կոմերցիոն գործունեությամբ:
Խմբագիրը ձերբակալվել էր նախկին պատգամավոր Գյուլնար Ահմեդովայի բողոքի հիման վրա, ով ինքն էլ այժմ բանտարկված է՝ խարդախությունների մեղադրանքով։
Դատարանում լրագրողը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ինքը ձերբակալվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի և հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի պատվերով։
Դատարանի դահլիճը դատավճռին արձագանքել ‘ «ազատություն» վանկարկելով: Բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններ պնդում են, որ Զեյնալին դատապարտվում է մասնագիտական գործունեության պատճառով, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին հրապարակումների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում