Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը կլինի անվճար

Հայաստանում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ է պայմանավորված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն այսօր քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ:

ԱԺ մամլո ծառայության հաղորդմամբ՝ օրենքի նախագծի հիմնական լրացումները վերաբերում են այն գաղափարին, որ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում’ պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Մեկ այլ լրացմամբ էլ’ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Նիստում նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 և ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը ընդգրկվեց երկուշաբթի մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում