Հայաստանը տարածաշրջանում կարեւոր դերակատար է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ» թերթին, որի ընթացքում, մասնավորապես նշել է. «Ես մեծապես աջակցում եւ սատարում եմ Հայաստանին իր ջանքերում՝ փորձել հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի եւ բանակցությունների միջոցով եւ որպես այդ բանակցությունների մի մաս՝ Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում: Կարծում եմ, լրջագույն առաջընթաց եք ունեցել եւ հուսով եմ, որ էլ ավելի առաջընթաց կունենաք մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը: Հուսով եմ նաեւ, որ այս ամենը Հայաստանի ներսում կնպաստի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ճիշտ այնպես, ինչպես ներքին բարեփոխումների գործընթացը կօգնի մեզ շարունակել եւ առաջ տանել բանակցությունները, դրանք փոխազդում են միմյանց վրա, այսինքն՝ դրանք փոխլրացնող պետք է լինեն»։

Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն հարցին անդրադառնալով՝ Ս. Ֆրեյզեը նշել է. «Կարծում եմ՝ Հայաստանն իրավամբ ցանկկանում է ունենալ ավելի ամուր հարաբերություններ ԵՄ-ի հետ; Բայց Հայաստանն ունի շատ ամուր կապեր Ռուսաստանի հետ։ Ես սա գիտակցում եւ ընդունում եմ։ Անկախ պետությունները իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի հարաբերություններ են նախընտրում։ Ամենակարեւորը տվյալ դեպքում Ազատ առեւտրի եւ մաքսային հարաբերությունների կարգավորման համաձայնագրի առումով ԵՄ շուկան է, որը այս պահին 50 մլն սպառողով է ներկայանում։ Ինչ համաձայնագիր էլ կնքես կողմերի հետ, կարեւոր է ունենալ դրանց համապատասխանությունը միմյանց նկատմամբ»։ Դիվանագետը նաեւ նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային մի շարք խնդիրներում կարեւոր դերակատար է, նախեւառաջ՝ ԼՂ հակամարտության կարգավորման առումով։ «Մենք հուսով ենք, որ Մինսկի խմբի գործընթացը առաջ կընթանա։ Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ են փոխհամաձայնություն, փոզիջումներ, եւ իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է գտնել փոխզիջումների բանալին…»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում