ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Թրամփի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հնարավոր վերանայման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերանայման շրջանակներում կարող է որոշել ավելի ակտիվորեն մասնակցել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին՝ դրա համար մերձենալով Թուրքիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հրատարակությունը պարզաբանում է, որ ամերիկյան նախկին վարչակազմն անուղղակի կերպով փորձում էր Սիրիայում հասնել Բաշար Ասադի ռեժիմի տապալման, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում էր ԻՊ-ի դեմ գործողություններին, մասնավորապես, ահաբեկիչների հիմնական հենարանի՝ Ռաքա քաղաքի գրավմանը:

Թերթի տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմում «հնարավոր է՝ մտածում են ավելի մեծաքանակ ցամաքային ուժեր օգտագործել (ԻՊ-ի դեմ պայքարելու համար), որպեսզի արագացվի պատերազմի ընթացքը»: «Բացի այդ, Վաշինգտոնը կարող է վերանայել քուրդ աշխարհազորայիներին աջակցելու վերաբերյալ Օբամայի վարչակազմի որոշումը, որոնք ԱՄՆ-ի գլխավոր օգնականներն էին ահաբեկիչների վրա հարձակման գործում: Դրա փոխարեն ԱՄՆ-ը կարող է Ռաքան գրավելու պլան կազմել Թուրքիայի հետ ավելի սերտ կոորդինացմամբ, որը կտրուկ դեմ է քրդական ռազմականացված կազմավորումների օգտագործմանը»,-գրում է թերթը:

The Washington Post-ը հիշեցնում է, որ Թրամփը քանիցս քննադատել է այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» մարտիկներին զենք տրամադրելու Բարաք Օբամայի որոշումը: Բացի այդ, հրատարակության կարծիքով, Թրամփը, դատելով ըստ ամենայնի, Օբամայից ավելի քիչ առարկություններ ունի իշխանության գլուխ Ասադի հետագա գտնելու դեմ:

Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ-ը այս տարի ավելի վաղ արդեն նվազեցրել է աջակցությունը սիրիացի ընդդիմադիրներին: Այսպես, մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը սառեցրել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի աջակցման ծրագիրը: Օգնությունը ներառում էր աշխատավարձերի վճարման գումարներ, ինչպես նաեւ մարտիկների ուսուցում, զինամթերքի, մասնավորապես, հակատանկային հրթիռների մատակարարումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում