Հայաստանը ՏՏ ոլորտի ներկայացուցչություններ կունենա մի շարք արտասահմանյան երկրներում
Նմանատիպ
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին կնքվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հաղորդակցության և նովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության անունից հուշագիրը ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հուշագիրը ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:
Փաստաթղթի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ, որոնք կնպաստեն երկրի, տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Նախատեսվում է 15 երկրներում ներկայացուցչական գրասենյականեր ունենալ, որոնց աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաներում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսային հիմնարկներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` այս համագործակցության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում Հայաստանը ներկայացնել արտերկրի շուրջ 15 երկրում: Նախարարը նշեց, որ ներկայացուցիչները կկարողանան թե այնտեղ ներկայացնել Հայաստանի ծրագրերը, թե այնտեղից ծրագրեր բերել մեր երկիր:
«Ընթացքում կլինեն նոր առաջարկներ կառավարության և մասնավոր ընկերության կողմից: Այսօր վերջացավ ՀՀ վարչապետի այցը Վրաստան, որտեղ քննարկվեցին հայ-վրացական ՏՏ ընկերությունների համագործակցությունը և ցանկություն եղավ, որպեսզի այնտեղ Հայաստանի ներկայացուցչությունը բացվի: Երկրներն ընտրվելու են մասնավոր հատվածի հետ համատեղ, քանի որ այն կարող է լինել և պետության և մասնավորի շահը, որը կտա առավելագույն արդյունք: Առաջարկություններն ներկայումս լինելու են ՏՏ և ինովացիոն ոլորտներում, սակայն հետագայում դրանց շրջանակը կարող է լայնանալ»,– աս աց նախարարը` հավելելով, որ ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում հուշագրի ստորագրումը սինվոլիկ է:
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ծրագրի իրականացման համար հանդիպումների հրավերի ցանկություն հայտնեց մասնավոր հատվածի ՏՏ և գիտական ոլորտների շրջանակներում աշխատող բոլոր կազմակերպություններին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց հնարավորությունները և կատարած աշխատանքները:
«Մենք պետք է օգնենք նրանց ճիշտ կազմակերպել իրենց մարքեթինգային քայլերը: Համզված եմ ծրագիրը կտա իր արդյունքները, քանի որ փոքր և միջին կազմակերպությունները չունեն հնարավորություններ արտասահմանում նման մասշտաբի աշխատանքներ իրականացնելու, հնարավորությունները ներկայացնելու, համապատասախան գործընկերներ գտնելու համար»,- ասաց Շաքարյանը` հավելեով, որ ներկայացուցիչների աշխատավարձը, նրանց ապրելու, միջոցառումների, կլոր սեղանների, հանդիպումների կազմակերպման, և այլ ծախսերն իրենք են հոգալու:
Նա նաև նշեց, որ հուշագիրը ստորագրվում է 5 տարով և ծրագրի առաջին փուլի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում մասնավորի կողմից, սակայն այն վերջնական չէ, քանի որ կան կազմակերխություններ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել միանալու իրենց:
Շաքարյանի ներկայացմամբ` ներկայացուցչությունների համար իրենց հարկավոր են աշխուժ եռանդուն, մեր երկրի նեկայիս կարքները հասկացող և ուժերի ամբողջ կարողությունները ներդնելու ցանկություն ունեցող անձիք, ովքեր կարող են լինել ոչ միայն ՏՏ ոլորտից:
Նրա կարծիքով` մինչև այս տարվա վերջ մի քանի երկրների հետ կլինեն արդեն ներկայացուցչություններ: Նախապատրաստական փուլը պետք է լինի 4-6 ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում