Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Նախագահ Սարգսյան

Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաև ոլորտային համագործակցության առումով` ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»,-նշեց ՀՀ Նախագահը:

Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում