Գյուղնախարարությունում քննարկվել է հակահեղեղային միջոցառումների ծրագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը, փոխնախարարները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները:

Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում’ մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետև մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է գարնանային վարարումներ և սելավային վտանգներ:

Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հորդորեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին’ միջոցներ ձեռնարկել , որպեսզի հակահեղեղային միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին և գյուղացիական տնտեսություններին’ հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում