Ազատության հրապարակը փոխվել է . մամուլ

«Առավոտը» գրում է. «Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին’ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության աոաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի: Իսկ որ նման երկխոսություն կլինի’ հավանականությունը շատ մեծ է, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից’ նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում: Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել է ինքը’ Ազատության հրապարակը’ այդ բառի լայն իմաստով: Այստեղ այլևս չեն իշխում «բետեեռ կանայք» և Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» և բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն և բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»: Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է’ իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով’ հանգիստ քայլել Ազատության հրապարակով’ հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու և ոչ թե պառակտելու մեթոդ է: Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ և երկարատև գործող ուժ է, և իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ և կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում