Ինչու՞ նախապես չի հրապարակվում կառավարության կազմը

«Օրակարգը» գրում է. «Երեկ լրատվամիջոցներում տեղ էր գտել ինչ-որ մեկի կազմած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը: Այդ ցանկն իհարկե իրականության հետ կապ չուներ, բայց լուրջ հարցադրումներ է առաջ բերում: Նախ՝ ինչու՞ մինչ այժմ Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ չի հրապարակում իր ապագա կաբինետի կազմը: Սա լուրջ խնդիր է, որովհետև արդյունքում հանգեցնում է անդրկուլիսային առևտրի ու սակարկությունների, որտեղ գերակայում են ոչ թե պետական շահերը, այլ կուսակցական-անձնական մոտիվները: Երկրորդ՝ ընտրողի իրավունքն է իմանալ ոչ միայն իր ապագա պատգամավորներին, այլև՝ նախարարներին: Օրինակ՝ հնարավոր է՝ ընտրողին ավելի շատ հետաքրքրի, թե ով է լինելու հարկայինի պետը կամ ոստիկանապետը, քան՝ վարչապետը: Երրորդ՝ պետության շահերից է բխում կանխատեսելիությունը, երբ իշխանափոխության արդյունքում պետական ինստիտուտների հետագա արդյունավետ գործունեությունը որևէ կերպ չի տուժում. Կոնկրետ ոլորտներ ղեկավարելու կոչված մարդիկ ավելի պատրաստ են լինում նոր պաշտոն ստանձնելուն, քան այն դեպքում, երբ նրանց համար այդ պաշտոնը հանկարծ է իջեցվում: Չորրորդ՝ ստվերային կառավարության ինստիտուտը կուսակցություններին կստիպի ավելի ազնիվ լինել և կուսակցության ներսում, և ընտրողների հետ: Ստվերային կաբինետի օգտին փաստարկները կարելի է շարունակել: Գլխավորն այն է, որ Հայաստանի բարդ աշխարհագրությունը ներքին հրամայական է դարձնում քաղաքական ուժերի և պետական համակարգի արդյունավետության և կանխատեսելիության հարցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում