Ոստիկանապետը պարզաբանել է Ազատության հրապարակում վրան տեղադրելու խնդիրը

Այժմ «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետի հետ’ վրան տեղադրելու նպատակով թույլտվություն ստանալու համար: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն այս մասին ասել է NEWS.am-ին և հավելել, որ երբ թույլտվությունը կլինի, կբերեն, կտեղադրեն. ոսիկանները երբեք չեն խոչընդոտի:

Նա նշեց, որ թույլտվություն տալու իրավունքը քաղաքապետարանինն է ու Մշակույթի նախարարությանը, իսկ ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում եւ քանի որ օպերայի տարածքը պատմամշակութային կենտրոն է, այնտեղ վրան տեղադրելու համար անհրաժեշտ է թույլտվություն, ուստի’ ոստիկանությունը նրանց կոչ է արել գործել օրենքի սահմաններում:

«Ոստիկանոթյունն ուղղակի ուզում է, որ որեւէ մեկն ինքնագլուխ որեւէ բան չանի, կարելի է համաձայնեցնել, թույլտվություն վերցնել, օրենքի սահմաններում գործել: Մեկ ժամից պարզ կլինի’ ինչպես է լինելու»,-նշել է նա:

Ներսես Նազարյանը նաեւ շեշտել է, որ պետք է հաշվի առնել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, «մարդիկ այդտեղ գալիս են, հանգստանում են, շարժվում են, քայլում են, ինչի՞ համար այդտեղ դրվի վրաններ, այդտեղ երեխաներ են խաղում, ծերերն իրենց ազատ ժամանակն են անցկացնում, միայն մտածել իրենց մասին, որ կարելի է վրան դնել եւ ուշադրություն գրավել»:

Ոստիկանապետի խոսքերով իրենք չեն խոչընդոտել, պարզապես կոչ են արել դիմել քաղաքապետարան, ունենալ համապատասխան որոշում եւ նոր տեղադրել վրանը:

Նշենք, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների փորձը’ վրան տեղադրել նախագահի նախկին թեկնածու, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ոստիկանությունը հայտնել է, թե Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է եւ արգելվում է ասֆալտի վրա վրան տեղադրել: Սակայն ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել նաեւ խոտածածկ տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում