Բրյուսելում մեկնարկել է Ս.Սարգսյանի այցը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանեց Բրյուսել: Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր մարտի 14-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով էլ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ քիչ անց Բելգիայի թագավորական ակադեմիայում կմեկնարկի ԵԺԿ գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով Բրյուսել են ժամանել եվրոպական մի շարք առաջնորդներ: Այստեղ են մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

ԵՄ անդամ երկրների ղեկավարներից ներկա են Կիպրոսի և Ռումինիայի նախագահներ Նիկոս Անաստասիադեսն ու Տրայան Բասեսկուն, ինչպես նաև կառավարության ղեկավարներից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Վալդիս Դոմբրովսկիսը (Լատվիա), Յանես Յանշան (Սլովենիա), Ժան-Կլոդ Յունկերը (Լյուքսեմբուրգ), Յիրկի Կատայնենը (Ֆինլանդիա), Էնդա Քեննին (Իռլանդիա), Վիկտոր Օրբանը (Հունգարիա), Պեդրո Պասուշ Կոելյոն (Պորտուգալիա), Մարիանո Ռախոյը (Իսպանիա), Ֆրեդրիկ Ռեյնֆելդը (Շվեդիա), Անտոնիս Սամարասը (Հունաստան) և Դոնալդ Տուսկը (Լեհաստան): Գագաթաժողովին մասնակցելու են նաև Բելգիայի փոխվարչապետ Պիտեր դե Կրեմը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում ընդդիմության առաջնորդներ Յան Ֆիգելը (Սլովակիա), Անդրիուս Կուբիլիուսը (Լիտվա) և Սիբրանդ վան Հաերզմա Բուման (Նիդերլանդեր):

ԵԺԿ գագաթաժողովին ոչ ԵՄ անդամ երկրների ղեկավարներից, բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցում են նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ալբանիայի և Մոլդովայի վարչապետներ Սալի Բերիշան ու Վլադ Ֆիլատը, ինչպես նաև Սերբիայի փոխվարչապետ Սյուզան Գրուբյեշիչը: Բրյուսելում են նաև ոչ ԵՄ անդամ երկրներում ընդդիմության ղեկավարներ Տոմիսլավ Կարամարկոն (Խորվաթիա), Իսա Մուստաֆան (Կոսովո) և Էռնա Սոլբերգը (Նորվեգիա):

Նշենք, որ այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գագաթաժողովին մասնակցությանը զուգահեռ հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում