Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի նորանշանակ Պապին
Կարդացեք նաև
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին’ Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ:
Ձերդ Սրբություն,
Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:
Հայաստանի և Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ։
Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի’ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, և Սուրբ Աթոռի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում ևս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից։
Մաղթելով Ձեզ քաջառողջություն և կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում