Ր. Հովհաննիսյան. «Ապրիլի 9-ին ես ժողովրդի առջեւ հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով»

Այսօր Ազատության հրապարակում անցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հինգերորդ օրը: Օրվա առաջին կեսին վրան տեղադրելու շուրջ ծագած դիմակայությունը լուծվեց օրվա երկրորդ կեսին համաձայնությամբ, որ գիշերային ժամերին անձրեւանոցային ծածկից բացի փակվեն նաեւ կողային հատվածները: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

«Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը փետրվարի 18-ի ընտրության արդյունքների վիճարկման գործով, ուժի մեջ թողնելով ԿԸՀ 62-Ա որոշումը Այդպիսով ՍԴ-ն պայքարի իրավական ճանապարհին դրեց վերջակետ՝ հերթական անգամ ուժի մեջ թողնելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքներ: Հովհաննիսյանին եւ ժողովրդին չթողնվեց համապետական ճգնաժամը հաղթահարելու այլ ելք, քան քաղաքական պայքարի շարունակումը», նշում է աղբյուրը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկոյան տվեց մամլո ասուլիս: Ասուլիսում ասվեց, որ ապագա ծրագրերի մասին կխոսվի վաղը՝ մարտի 15-ին, ժամը 17:00-ին գումարվող հաղթահավաքում, իսկ «Ապրիլի 9-ին ես ժողովրդի առջեւ հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով եւ կխորհրդակցեմ ժողովրդի հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում