Արցախյան կոնֆլիկտի մասին դասախոսել է Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպանը
Նմանատիպ
Մարտի 14-ի երեկոյան Մեծ Բրիտանիայում Պաղեստինը դեսպան Մանուել Հասասյանը Լոնդոնի համալսարանական քոլեջում հանդես եկավ Արցախի և Պաղեստինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համեմատությանը նվիրված դասախոսությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջի հայ ուսանողների նախաձեռնությամբ, որի նպատակներից էր արտաքին լսարանին ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագմանն ու էությանը և համեմատություն անցկացնել պաղեստինյան ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացման հետ հետ:
Ինչպես իր բացման խոսքում նշեց Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող, Լույս հիմնադրամի կրթաթոշակառու Աշոտ Մարգարյանը. «Քաղաքական և ակադեմիական շրջանակներում ընթացող քննարկումներում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սովորաբար համեմատվում է Կոսովոյի, Աբխազիայի, Մերձդնեստրի օրինակների հետ:Այս սեմինարի նպատակը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին քննարկումներում նոր մոտեցումների առաջ քաշումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կապելով այլ նմանատիպ դեպքերի հետ’ արտաքին լսարանի համար ավելի հասանելի է դառնում խնդրի էությունը»:
Բանախոս Հասասյանը ոչ միայն զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ, այլև ունի մեծ ավանդ քաղաքական գիտության մեջ, և հարյուրից ավել գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է:
Նա սեմինարը սկսեց որպես դասախոս‘ ներկայացնելով կոնֆլիկտների լուծման, բանակցային գործընթացի հետ կապված տեսական մոտեցումները և ավարտեց որպես դիվանագետ’կիսվելով իր պրակտիկ փորձով: Ըստ դեսպանի, երկու կոնֆլիկտներն էլ ունեն հին արմատներ և երկուսի դեպքում էլ արտահայտվում է ազգերի ինքնորոշման իրավունքի արդարացի պահանջը:
Համեմատելով նշված երկու կոնֆլիկտների լուծման ուղիները հայազգի ականավոր գիտնական-դիվանագետը նշեց. «Պատերազմը ամենահեշտ ուղին է, սակայն դա լուծումը չէ, քանի որ միշտ կողմերից մեկը դժգոհ կմնա և կձգտի ռևանշի:Խաղաղություն չկա, չկա լույս թունելի վերջում, եթե իսկապես չեն հարգվում ազգերի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի հայերը կայացրել են իրենց որոշումը, իսկ աշխարհին մնում է հաշվի նստել և հարգել նրանց վճիռը»:
Այնուհետև Հասասյանը պատասխանեց լսարանի հարցերին, որոնք տրվել էին ոչ միայն այլազգի ուսանողների, այլև միջոցառմանը ներկա առաջատար մասնագետների կողմից: Հատկանշական է, որ միջոցառումը օնլայն հեռարձակվում էր և պրոֆեսսորը պատասխանեց նաև օնլայն ունկնդիրներին հուզող հարցերին:
Դասախոսության տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում