Վճռաբեկ դատարանն այսօր որոշում կկայացնի ՀԱԿ ակտիվիստների գործով

Այսօր՝ մինչև 18:00-ը լրանում է այն վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի՝ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին, տեղեկացնում է Lurer.com-ը:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։

Քաղբանտարկյալների գործով դեկտեմբերի 13-ին դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացներ մինչև հունվարի 27-ը։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված
դատավճռի դեմ բերված բողոքը:Դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ էր հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:

Քաղբանտարկյալների գործով կրկին դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Եթե այսօր Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի վարույթ չընդունել վերաքննիչ բողոքը, դատական նախորդ ատյանի վճիռը կմտնի ուժի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում