«Դատադուլ». Փաստաբանները պատրաստ են հանուն իրենց վստահորդների շահերի դիմել նոր գործադուլի

Վաղը ՀՀ փաստաբանների պալատում տեղի կունենա Պալատի խորհրդի ընդլայնված նիստ՝ մեծ թվով փաստաբանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի գործելաոճի մասնագիտական ակցիաները երբ և ինչպես են ընթանալու: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի և շարժումը համակարգող խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Ըստ Հ.Ալումյանի՝ փաստաբանները պատրաստ են հանուն իրենց վստահորդների շահերի դիմել նոր գործադուլի, թե ինչպես այն կկոչվի «դատադուլ», թե այլ կերպ փաստաբանն էական չի համարում:

Փաստաբանական շարժման ներկայացուցիչը գտնում է, որ փաստաբանների բողոքի ակցիայի նախորդ փուլի ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Վճռաբեկ դատարանի գործելաոճում եթե անգամ փոփոխություն կա, ապա այն բացասական է: «Մենք կհասնենք նրան, որ դրական փոփոխություններ կլինեն»,- ասաց նա:

Հ.Ալումյանը նշեց, որ ֆեյսբուքում փաստաբանների շրջանում ընթանում է խնդրի շուրջ ակտիվ ու շահագրգիռ քննարկում: Ոչ ֆեյսբուքի շրջանակում, ոչ էլ առերես հանդիպումների ընթացքում որևէ փաստաբան նախաձեռնությանը դեմ չի արտահայտվել, hնչում են սոսկ վերապահումներ առ այն, որ պետք չէ ակցիային «քաղաքական աստառ տալ». «Մենք բոլորս համամիտ ենք, որ պետք չէ քաղաքականացնել շարժումը, քանի որ այն ոչ թե քաղաքական, մասնագիտական ակցիա է»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ համարյա մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը, փաստաբաններն անգամ դիմել էին բողոքի ակցիայի՝ դատադուլի, և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Ակցիայից հետո փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: Երկրի ղեկավարը հրավիրել էր խորհրդակցություն, որին առաջին անգամ այդ ֆորմատով մասնակցել էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: Այդ ժամանակ էր, որ Պալատի նախագահը ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանից, որը ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները շտկելու ունակ վերջին դատական օղակն է:

Հանդիպումներ էին եղել նաև փաստաբանական հիշյալ հանձնախմբի անդամների հետ՝ տարբեր ֆորմատներով: Ի լրումն այդ ամենի՝ փաստաբանները ներկայացրել էին տեղեկանք այն գործերի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ էր կիրառել:

Փաստաբանները որոշ ժամանակով դադարեցրել էին բողոքի ակցիաները՝ սպասելով հետագա զարգացումներին, քանի որ իշխանությունները հավաստիացրել էին, որ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կադրային փոփոխությունները կշտկեն իրավիճակը: Մեր հետ զրույցում համակարգող խմբի մեկ այլ անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը այն ժամանակ տեսակետ էր հայտնել, որ խնդիրը ոչ թե օրենքների, այլ դրանք կիրառելու մեջ է, խնդիրն անձերն ու երկակի ստանդարտներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում