Փաստաբանների պալատում կրքերը չեն հանդարտվում

Փաստաբանների պալատում հնարավոր է նոր լարվածություն սկսվի: Մի խումբ փաստաբաններ կրկին ցանկանում են գործադուլ սկսել:

«Փաստինֆո» գործակալությունն այսօր հաղորդել էր, թե ՀՀ փաստաբանների պալատում տեղի կունենա Պալատի խորհրդի ընդլայնված նիստ՝ մեծ թվով փաստաբանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի գործելաոճի մասնագիտական ակցիաները երբ և ինչպես են ընթանալու: Լրատվականին այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի շարժումը համակարգող փաստաբան Հայկ Ալումյանը:

Սակայն մեր աղբյուրների տեղեկություններով՝ այս լուրը չի համապատասխանում իրականությանը: Մեր տվյալներով՝ իրականում գործադուլի կողմնակից են քիչ թվով փաստաբաններ: Իսկ Հայկ Ալումյանն այս անգամ չէր մասնակցել Պալատի խորհրդի ընտրություններին, քանի որ գիտեր իր ցածր վարկանիշի մասին և որ չէր կարողանա ձայների բավարար քանակը ստանալ:

Իսկ այս նոր խմորումները ոչ այնքան Վճռաբեկ դատարանի դեմ են, որքան նոր պայքար է սկսվում Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար: Մեր տեղեկություններով՝ Հայկ Ալումյանը նպատակ ունի զբաղեցնել Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը և փորձում է նման միջոցներով ուշադրություն գրավել իր վրա և բարձրացնել սեփական վարկանիշը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում