Արամայիս Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում

Հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը’ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը’ ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Ինչպես արդեն հաղորդել ենք Արամայիս Սահակյանը մահացել է մարտի 15-ին՝ արյան հիվանդությունից: Գրողի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Արամայիս Սահակյանը 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Աստղիկներ» (1958 թ.), «Սիրո հասակ» (1959 թ.), «Մենք միասին ենք» (1964 թ.), «Ապրել և սիրել» (1968 թ.), «Երջանիկ եղեք» (1972 թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975 թ.) գրքերը: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով, զբաղվել նաև թարգմանչությամբ:

Արամայիս Սահակյանը եղել է Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» եկեղեցական պարգևի, ՀԺՄ «Ոսկե գրիչ», Ավետիք Իսահակյանի անվան գրական, Վահան Թեքեյանի անվան երգիծական և ՀԼԿԵՄ մրցանակների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում