Րաֆֆին բողոքի ալիքը լիրիկայից քաղաքական պայքարի վերածելու բանաձեւը չի գտել

Երեկ Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որը բեկումնային կարող էր լինել վերջին շրջանի մի քանի կարեւոր իրադարձություններից հետո: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Երեկվա հանրահավաքն առաջինն էր Րաֆֆի Հովհաննիսյանի’ հացադուլ հայտարարելուց, Սերժ Սարգսյանի’ Մոսկվա կատարած այցից, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի’ Րաֆֆիին ուղղված խրատական կոչից, ԵԺԿ նախագահ Մարթենսի’ ոչ պակաս անցանկալի հայտարարությունից հետո: Այսինքն’ երեկվա հանրահավաքը կարող էր դառնալ, ինչպես ընդունված է ասել, հանգրվանային’ շարժման հեռանկարի տեսանկյունից: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդհանրապես հանրահավաքի մասնակիցների քանակը հանրահավաքի «արդյունավետության» գնահատման ոչ միակ, սակայն կարեւոր չափանիշներից մեկն է: Դրանով է պայմանավորված նաեւ մեկ այլ կարեւոր չափանիշ, որը պայմանականորեն ընդունված է անվանել’ «հանրահավաքային էներգետիկա»: Եվ մեկը, եւ մյուսը երեկվա հանրահավաքում բացակայում էին: Րաֆֆին դեռեւս չի գտել բողոքի ալիքը լիրիկայից քաղաքական պայքարի վերածելու բանաձեւը: Ու ամենացավալին այն է, որ այդ բանաձեւի որոնման համար նա ծախսում է ոչ միայն հազարավոր մարդկանց հավատի ու սպասման, այլ նաեւ սեփական առողջության պաշարները»,- գրում է «168 ժամը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում