Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։

Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին’ Հունաստանի ղեկավարը ասաց, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ և ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Պապուլիասին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, և նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Հունաստան կատարած իր այցելությունը և սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին:

Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդվեց ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:

Նախագահ Պապուլիասը ներկայացրեց Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:

Զրուցակիցներն անդրադարձան կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշեց, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։

Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հունաստանի նախագահը խնդրեց իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին և տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ Նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:

Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Էվանգելոս Մեյմարակիսը և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն փոխգործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։

Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի և խմբի անդամների հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հայ-հունական հարաբերությունները հազարամյակների ընթացքում միայն ամրապնդվել և զարգացել են և այսօր երկու երկներին միավորում է սերտ փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում: Զրուցակիցները բարձր գնահատեցին հունահայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։

Նույն օրը կայացան Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դիմիտրիս Ավրամոպուլոսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Հունաստանի արտգործնախարարն ասաց. «Ուրախ եմ ողջունել եղբայրական Հայաստանի արտգործնախարարին և շարունակել տարբեր հարցերի շուրջ հանգամանալից երկխոսությունը: Հայաստանի հետ մեզ կապում են մի քանի հազարամյակի պատմություն ունեցող բացառիկ հարաբերությունները»:

Շնորհակալություն հայտնելով Աթենք այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքը ուրախ է կրկին այցելել Հունաստան, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները:

Նախարարները հանգամանալից անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, տուրիզմի, մշակույթի և կրթության բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

2014 թ. ԵՄ-ում Հունաստանի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա աշնանը բարձր մակարդակի միջկառավարական հանդիպում անցկացնելու, ինչպես նաև երկու երկրների ԱԳՆ–երի դիվանագիտական կրթական հաստատությունների միջև փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորման ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարևելյան զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը իր հույն գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հանդիպման ավարտին նախարարներ Նալբանդյանն ու Ավրամոպուլոսը ստորագրեցին ԱԳՆ-երի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Մարտի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հունաստանում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ հունահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում