Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ զարմացրել է ԵԺԿ նախագահին
Նմանատիպ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հասցրել է այպանել հարազատ ԱՄՆ-ի, բարեկամական Ֆրանսիայի և Ռուսաստանի, մի շարք այլ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար, խիստ զարմացրել է նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: Վերջինս ևս չէր խուսափել Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատական արտահայտությունների թիրախում հայտնվելուց»:
Այնուհետև թերթը հիշեցրել է «Ժառանգության» միջազգային քարտուղար Ստյոպա Սաֆարյանի՝ ԵԺԿ նախագահին ուղարկված բաց նամակի մասին, մեջբերել է ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսի պատասխանը, որ խիստ զարմացած է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից և մեղադրանքներից:
Այս կապակցությամբ «Հայոց աշխարհ»-ը գրել է. «Վիլֆրիդ Մարտենսը, արձագանքելով «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, դրանք որակել է անհիմն: …Այլ կերպ ասած, ԵԺԿ նախագահը, ըստ էության, քաղաքական «ապտակ» է տվել եվրոպական այս կազմակերպության նորագիր անդամ «Ժառանգության» ղեկավարին, չհաշված՝ «միջազգային քարտուղարին»: Եվ այն, որ երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը այս թեմայով ասելու այլ բան չգտավ, քան՝ «դուք ո՜ւր էիք, դուք ծառերի վրա՜ էիք, երբ հայերս ժողովրդավարություն էինք տարածում»-ի ոգով բացականչություններ անելը, ընդամենը փաստում է, որ «ապտակը» շառաչուն և ցավոտ է եղել: Չէ, իսկապես ԵԺԿ նախագահ Վ.Մարտենսի զուսպ, բայց հստակ գնահատականներին ինչո՞վ պատասխանեց ինքնակոչ «նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանը, որ, ի դեպ, բարեկիրթ անձնավորության և դիվանագիտական խոսքին տիրապետողի համարում ունի: Իսկ ոչնչով էլ չպատասխանեց, ըստ էության: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, թե ավելի վաղ, մեկ այլ առիթով ասել է, թե Վ.Մարտենսը «թող քիթը չխոթի մեր ներքին գործերի մեջ»: Շա՜տ հետաքրքիր է, շա՛տ: Ու նման դիտողություններից հետո, «Ժառանգությունը» դիմում է նույն ԵԺԿ-ին, որ իրեն, որպես կուսակցություն, «խոթեն» այդ եվրոպական կառույցի մեջ:
Շարունակենք. «Ինքը (Վ.Մարտենսը) կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները: Եվ հիմա ինքը հարցազրույց է տալիս, ասում է, որ ես իբր պատրանքի մեջ եմ: Դո՛ւք պատրանքի մեջ եք Հայաստանի ժողովրդի մասին, որովհետև մենք բերել ենք մեր եվրոպական արժեքները,- երեկ հանրահավաքում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց:- Ինքն ի՞նչ գիտի, որ ես նախատեսում էի 20 % և պետք է ուրախ լինեմ 37 %-ով, դա ո՞ւմ հուշագիրն է կարդում, դուք որոշեք»:
Իսկ գուցե ոչ մի հուշագիր էլ չի՞ կարդացել Վ.Մարտենսը: Իսկ ի՞նչ իմանաս, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը չէ ԵԺԿ նախագահի հետ ընտրություններից առաջ ունեցած երևանյան հանդիպման ժամանակ նման մի բան ասել: Հակառակ դեպքում Վ.Մարտենսն ի՞նչ պիտի իմանար, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է ակնկալում:
Առավել ևս, ի՞նչ կապ ունի «եվրոպական մայրաքաղաքներին, ԱՄՆ նախագահին» ուղղված, կներեք՝ հաթաթան, որ մինչև «իրենց սխալը չուղղեն», այսինքն՝ շնորհավորանքները հետ չվերցնեն (!!!), թո՛ղ «Հայաստանին դասեր չտան ժողովրդավարության, որովհետև մենք ենք բերել իսկական ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության»:
Կարճ ասած, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը լրիվ տեղավորվում է «մեր պատասխանը Չեմբեռլենին» անեկդոտային կաղապարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում