Բրիտանացի փորձագետներ. Հայկական բանակն իր մարտունակությամբ գերազանցում է ադրբեջանականին
Նմանատիպ
«Ռեգնում» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» (The International Institute for Strategic Studies, IISS) բրիտանական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ավելի քան 160 պետությունների ռազմական և պաշտպանական ներուժի մասին «The Military Balance 2013» ամենամյա զեկույցը: Զեկույցում բրիտանացի փորձագետները գնահատել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը:
Զեկույցի ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի ֆինանսական միջոցներ են տրամադրում ռազմական ոլորտին: Եթե Հայաստանը ռազմական նպատակների համար տարեկան ծախսում է 400 մլն ԱՄՆ դոլար, ապա Ադրբեջանը՝ 1 մլրդ 770 մլն ԱՄՆ դոլար, որը 2011թ.-ի համեմատ 90 մլն-ով ավելացել է:
Զեկույցում, համեմատելով երկու պետությունների բանակների մարտունակության մակարդակը, բրիտանացի փորձագետները եզրակացրել են, որ հայկական բանակն իր մարտունակությամբ գերազանցում է ադրբեջանական բանակին:
Զեկույցում նշված է. «Հայաստանի զինված ուժերը բավական արհեստավարժ են և հստակ պատկերացնում են իրենց առջև դրված նպատակներն ու խնդիրները: Դրան զուգահեռ, Հայաստանի զինված ուժերում անշեղորեն աճում է պրոֆեսիոնալ զինվորականների թիվը, որոնք ծառայում են պայմանագրային հիմունքներով՝ չնայած ժամկետային զինակոչը պահպանվում է»:
Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի առավել ակտուալ խնդիրներին՝ փորձագետները եզրակացրել են, որ բանակի կազմում ամենախոցելին ռազմաօդային ուժերն են. «Հայաստանի ռազմաօդային ուժերի հիմնական խնդիրը նրանց սպասարկումն ու ընդհանուր արդյունավետությունն է: Այդ իսկ պատճառով Հայաստանի օդային տարածության պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանը վարձակալված ավիաբազայի միջոցով»:
Փորձագետները, գնահատելով հայկական բանակում իրականացվող բարեփոխումները նշել են նաև, որ բարեփոխումների հիմնական նպատակը պայմանագրային զինծառայողների քանակի ավելացումն է, ինչպես նաև սպառազինությունների ձեռք բերման որակի ավելացումը:
Որպես բացասական երևույթ փորձագետները նշում են բանակում կոռուպցիոն երևույթները և ֆինանսների կառավարման ցածր արդյունավետությունը:
Բրիտանացի փորձագետները քննադատորեն են անդրադարձել ադրբեջանական բանակի հնարավորություններին: Զեկույցում նշվում է, որ չնայած սպառազինությունների տպավորիչ գնումներին, որոնք հնարավոր են դարձել նավթի վաճառքի շնորհիվ, օդային տարածքում Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում ունենալ առավելություն: Ինչը կարող է Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ դառնալ ռիսկի լրջագույն գործոն:
Փորձագետները ավելացրել են. «Նույն նավթը հնարավորություն տվեց Ադրբեջանին ձեռք բերել C-300 նորագույն համակարգեր, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչ է դա ընդհանրապես տալիս Բաքվին անվտանգության բարձրացման տեսանկյունից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում