Վան-Երևան-Վան չվերթի գործարկման մասին տեղեկությունը խիստ մտահոգել է ադրբեջանական կողմին

Ինչպես հաղորդում է Apa.az լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթի վերագործարկմանը, հայտարարել է, թե Անկարան այդկերպ աջակցում ու ուժեղացնում է մի երկրի, որը «շարունակում է օկուպացված պահել ադրբեջանական տարածքները»: Նա հավելել է, որ Բաքվի համար հատկապես մտահոգիչ է այն, որ Հայաստանի հետ հարաբերություններ է հաստատում իրենց եղբայրական երկիր Թուրքիան: «Երբ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է այնպիսի երկիր, որի հետ մենք բերակամական կապեր ունենք, և որի ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, ապա մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան», – նշել է Հասանովը:

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ֆիզիլ Մուստաֆան փորձել է արդարացնել Թուրքիայի այդ արարքը’ նշելով, որ նման կերպով Թուրքիան փորձում է բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և ցույց տալ իր քաղաքակիրթ վերաբերմունքը այլ ազգերի մշակույթների նկատմամբ: «Վան-Երևան երթուղու բացումը ցույց է տալիս, որ հայերն ունեն պատմամշակութային հուշարձաններ այնտեղ: Այսպիսով, Թուրքիան փորձում է խուսափել միջազգային հանրության ճնշումից, որպեսզի պայմաններ ստեղծվեն այդ հուշարձաններ հայերի այցելությունը կազմակերպելու համար: Եթե բացվեր Երևան-Ստամբուլ չվերթը դա ուրիշ հարց կլիներ, իսկ սա զուտ տեղական է և չափազանցնելու կարիք չկա» – նշել է Մուստաֆան:

Ադրբեջանցի պատգամավորի բերած փաստարկները բավական հիմնավոր են, քանի որ Թուրքիան այս քայլին գնացել է իր միջազգային վարկանիշը բարձրացնելու և իր «բարեպաշտությունը» ցույց տալու համար: Թուրքիան, որն առաջիններից մեկն էր ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին աջակցելու նպատակով 1993 թ-ից փակել է Հայաստանի հետ սահմանը եւ մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի ստեղծել Երեւանի հետ:

Նշենք, որ Վան-Երեւան-Վան չվերթները իրականություն են դառնում «Նարեկավանք տուր» զբոսաշրջային ընկերության ու Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության ջանքերով: Չվերթներն ապրիլի 3-ից կիրագործվեն թուրքական «Բորա ջեթ» ավիաուղիների ինքնաթիռներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում