Խորհրդարան մտնելը չպետք է ինքնանպատակ լինի. Արարատ Զուրաբյան
Նմանատիպ
«Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կարծում է, որ Արցախի ժողովուրդը պետք է առաջնային մանդատ ունենա իր ճակատագիրը որոշելու հարցում, այլ ոչ՝ մեկ ուրիշը:
«Ըստ իս՝ ամենավատ բանն ընտրությունների ժամանակ Արցախի ճակատագիրը առարկա դարձնելն է, որի շուրջ պետք է ընթանան քննարկումները, այսինքն՝ որին անդրադառնալով միայն պետք է այս կամ այն քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում: Արցախի հարցով կարծում ենք, որ այն պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ ունենա առաջնային մասնակցություն իրեն վերաբերող հարցերում»,-ասաց Արարատ Զուրաբյանը՝ խոսելով Ծառուկյան դաշինքի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրային դրույթների մասին:
Նրա խոսքով՝ կան դրույթներ, որոնց վերաբերյալ իր եւ ընդհանուր թիմի կարծիքները որոշակիորեն տարբերվում են:
«Ես առաջարկներ ունեցել եմ արտաքին քաղաքականության մասով. կարծում եմ՝ Հայաստանը պետք է իր քաղաքական կողմնորոշումը մի քիչ այլ կողմ տանի: Սա մի ուղղություն է, որը ես՝ որպես ՀՀՇ ներկայացնող անհատ, եւ քաղաքական թիմն ունենք այլ մոտեցումներ: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա խորացված եվրաինտեգրման ճանապարհով: Ցավում եմ, որ ասոցացումը չստացվեց: Լինելով դրան կողմնակից՝ շատ լավ գիտակցում եմ, թե ինչ վտանգներ է ասոցացումը պարունակում: Ցավոք, Ուկրաինայի դեպքերի պարագայում մենք ականատես եղանք նրան, թե ինչ տեղի ունեցավ, թե ինչ ձևերով Ռուսաստանը մոտեցավ այս հարցին: Ուրախությամբ արձանագրում եմ, որ դաշինքի ծրագրում այս ուղղվածությանը ծանրակշիռ անդրադարձ է կատարված միգուցե ոչ այն ծավալի, որ ինձ համար ցանկալի կլիներ, բայց կարծում եմ՝ այս հարցով շատ աշխատանք կա անելու»,-ընդգծեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչը:
Լրագրողների հարցին, թե ինչը ստիպեց քաղաքական գործչին առաջադրվել հենց այս դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ նա դաշինքի ծրագիրը համոզիչ է համարում:
«1988 թվականից զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ: Ասեմ, որ անշնորհակալ գործունեություն է առհասարակ, որի ընթացքում եթե դու սկզբունքային ես, մշտապես ստանում ես հարվածներ, լինում ես հետապնդված, մշտապես խնդիրներ ես ունենում: Դու պինդ ես հանրության, մտերիմների համար, այսինքն՝ դու այդպես ես ցույց տալիս, սակայն միայն դու գիտես՝ ինչի միջով ես անցնում: Ես ինքս հայտնվել եմ բանտում, Ազգային անվտանգության մեկուսարանում, տարբեր տարիների մշտապես եղել եմ ինչ-որ պրոցեսների մեջ, որոնք ծանր են անդրադարձել իմ եւ իմ մտերիմների վրա: Եթե դուք նայեք նույն Գագիկ Ծառուկյանի ներկայացված ծրագրին, այնտեղ կարեւոր մի դրույթ կա, որ մեր գործունեությունը միտված է լինելու մարդու արժանապատիվ կյանքի ապահովմանը. սա ընդհանրապես լիբերալիզմի հիմքն է, այսինքն՝ ամենաբարձր կետին դրվում է առանձին անհատի ազատությունը, իրավունքները եւ այդ անհատի բացառիկությունը»,-շեշտեց Արարատ Զուրաբյանը՝ նշելով, որ սա նրա համար ավելի ճիշտ ընտրություն էր: Նա հավատացրեց, որ եթե ամեն ինչ իր պատկերացրած ճանապարհով չընթանա, ապա նա պատրաստ է հենց այդ պահին մանդատը վայր դնել, քանի որ նրա համոզմամբ՝ խորհրդարան մտնելն ինքնանպատակ չպետք է լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում