Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը պայքարելու է մինչև վերջ

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության իրենց ցուցակի մանրամասներին , ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրապարակել այն, քանի դեռ վերջնական հաստատված չէ:Այս մասին հայտնում է panorama.am-ը:
«Լուրջ գործընթացներ են պետք այս բռնապետությունից ազատվելու համար: Եվ շատ լուրջ քայլ կլինի, եթե նրանցից խլենք քաղաքապետարանը»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Վերջինս, սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, նշելով, թե նպատակահարմար չի գտնում այժմ խոսել այդ մասին:

ՀԱԿ-ը վստահ է’ Երևանի ավագանու ընտրություններում իրենք անցողիկ շեմը կհաղթահարեն. «Կոնգրեսը այսօր ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը զուտ գաղափարական և մարդկային ռեսուրսների մասին է: Ես վստահ եմ, որ ցանկացած օրինական ընտրություններում ՀԱԿ-ը կտաներ հաղթանակ’ լիներ դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրություններ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, ապա Լ.Զուրաբյանը դա շատ կարևոր է համարում, այդ իսկ պատճառով կոնգրեսը առաջարկել է միավորման հնարավորությունները: Անդրադառնալով այն հարցին, թե ԲՀԿ-ն հայտարարել է, որ միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ է տեսնում հնարավոր միավորումը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց առաջարկածը չի ենթադրում ինչ-որ կուսակցության առանցք և այդ իսկ պատճառով որևէ խնդիր չի կարող առաջանալ.

«Եթե խոսքը միասնական ցուցակի մասին լիներ, ապա այդտեղ ինչ-որ ուժ կարող էր ասել, թե ավելի շատ տեղ պետք է ունենա և այլն, բայց եթե խոսքը հավասար համագործակցության մասին է’ ընտրատեղամասերում միասին վերահսկել ընտրության գործընթացը, միմյանց հասցեին քննադատություն չհնչեցնել ու հակաքարոզչություն չանել, ապա այստեղ առանցքի մասին խոսք լինել չի կարող»,- պարզաբանեց իրենց առաջարկը Լ.Զուրաբյանը’ մատնանշելով, որ այն ուղղված է երեք քաղաքական ուժերի’ «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին:

Ինչ վերաբերում է ավագանիում տեղերի բաշխվածությանը, ապա այս հարցում ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց’ իրենք պայքարելու են մինչև վերջ հաղթանակի համար: Բայց նաև պատրաստ են հանուն համախմբման գնալ զիջումների.

Հետևեք մեզ նաև Telegram-ում