Հոլանդական դատարանը հայերին վիրավորած թուրք քաղաքացուն ազատազրկման է դատապարտել

Հոլանդիայի Հաագա քաղաքում ապրող ազգությամբ թուրք Իլհան Աշքընը հայերի ու Ղարաբաղի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար դատարանի առաջ է կանգնել: Աշքընը, Հոլանդիայի Ալեմլո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգենցնելու դեմ ելույթով հանդես գալով ասել էր. «Ղարաբաղը հայերի գերեզմանն է լինելու»։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը, Հոլանդական դատարանը այս արտահայտության համար Աշքընին դատարապատել է 120 ժամ հարկադիր աշխատանքի և 1 ամիս ազատազրկման։ Աշքընը նշել է, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ինքը պատրաստվում է բողոքարկել այն։

Հիշեցնենք, որ այն բանից հետո Հոլանդիայի իշխանությունները թուրք պաշտոնյաներին թույլ չէին տվել իրենց երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել, լարվածություն է առաջացել թուրք-հոլանդական հարաբերություններում։

Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:

Իսկ Քայան, մարտի 10-ին պետք է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից:

Հիշեցնենք նաև, որ Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդերլանդները թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում