«Գողական աշխարհի» հակամարտող կողմերն ունեցել են մարդկային զգալի կորուստներ

Քրեական աշխարհի իրավիճակը հետխորհրդային տարածքում, այդ թվում նաև Հայաստանում որակական նոր մակարդակ է ձեռք բերում, այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հունվարի 16-ին Մոսկվայում իրականացված սպանությունից հետո «գողական աշխարհի» հակամարտող կողմերն ունեցել են մարդկային զգալի կորուստներ, որոնք անշուշտ, թելադրում են էական վերադասավորություններ նրանց շարքերում:

«Երկու օր առաջ Դեդ Հասանի կողմնակիցներից սպանվեց ևս մեկ մարդ: Ընդհանուր առմամբ, այս հակամարտության արդյունքում արդեն սպանվել է 125 քրեական հեղինակություն»,- Գալոյանի խոսքերն է մեջբերում ՓԱՍՏԻՆՖՕ գործակալությունը:

Սերգեյ Գալոյանն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ գողականները քրեական ճանապարհով ձեռք բերած ֆինանսական միջոցներն այսօր ձգտում են լեգալացնել: Նրանք մուտք են գործում բիզնես աշխարհ և փորձում են հարմարվել օրինական ձեռնարկատիրության գործելակերպին: Սակայն շատ հարցեր նրանք, անշուշտ, լուծում են իրենց ներքին օրենքներով: Նրանք «գործարարներ» են, որոնք ունեն իրենց զենքն ու զինանոցը և այն գործի են դնում, եթե հարցերն այլ կերպ լուծում չեն ստանում:

Բանախոսը խոսեց նաև Դեդ Հասանի սպանությունից հետո նրա թաղման վայրի որոշման հետ կապված քաշքշուկներից և Վրաստանի իշխանությունների կողմից նրա թաղումը ծննդավայրում կատարելու արգելքից: Նա նշեց, որ հանգուցյալ դարձած մարդու մարմինը հողին հանձնելու այդ քաշքշուկը անիրավացի է և դժվար ընկալելի: Ի վերջո, Մոսկվայի մոտ, քաղաքից 21 կմ հեռու գտնվող գերեզմանոցում քրեական աշխարհի հեղինակության աճյունի համար գտնվեց վերջին հանգրվանը:

Սերգեյ Գալոյանն իր խոսքում նշեց, որ Դեդ Հասանը որոշակի հարաբերություններ է ունեցել նաև քրեական աշխարհի հայ ներկայացուցիչների հետ: Նրանցից ոմանք զոհ են գնացել նրա սպանությունից հետո, գողականների հակադիր կողմերի միջև սկսված արյունոտ գոտեմարտին: «Ես գիտեմ նրանց բոլորի անունները, սակայն դա չեմ հրապարակում հիմա»,- ասաց բանախոսը’ ավելացնելով, որ այդ մասին մանրամասն ինքը շարադրել է արդեն պատրաստ և լույս ընծայման ենթակա իր հեղինակած «Դեդ Հասանը և հայերը» գրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում