Մարտի 23-ին եւ 24-ին մայրաքաղաքում հայտարարված է շաբաթօրյակ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված <<Ձեզ համար, կանայք>> անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399-ը հետազոտություններ են անցել սրտաբանության և ակնաբուժական կլինիկաներում, 18-ը վիրահատվել են: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժշկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս 32 ավտոբուս:

Անձրևային տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել հեղեղատարների մաքրման աշխատանքները:

2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով’ հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ: Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին’ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ոռոգման ցանցերի անցկացման և կանաչապատման աշխատանքների, այդ թվում գարնանային ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է աշխատանքերում ակտիվորեն ներգրավել բնակչությանն ու համատիրություններին’ ծառատունկեր կազմակերպելով նաև բակային տարածքներում:
Քաղաքապետը հանձնարարել է Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց:

Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների և ժայռային հատվածների արտաքին գեղավեստական լուսավորության հետ կապված <<Երքաղլույս>> ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում և վերացվում են լուսավորության ցանցում առկա թերությունները: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի ճանապարհահատվածի և Հրազդանի կիրճի ժայռային հատվածների գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում