Սերժ Սարգսյանը` Շիրակում իր պարտության մասին
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզում իր պարտությանը` մասնավորապես ասելով. «Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենամ Գյումրի քաղաքում, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պրոբլեմներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլեւ որովհետեւ մենք մեր կուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել: Տեսաք, մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին, աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք, նախագահական ընտրությունների ժամանակ որեւէ աջակցություն չստացանք: Բայց որ կպարտվեի Շիրակի մարզում՝ իրապես չէի սպասում: Երբ որ ասում եմ այս մասին, դա չի նշանակում, որ ես վիրավորված եմ կամ նեղացած եմ շիրակցիներից կամ Գյումրիից: Եվ քանի որ պետք է ասեմ, ես կրկնում եմ իմ այն արտահայտությունը, որ ես արել եմ տարիներ առաջ, որ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը՝ այն քաղաքացիների, ովքեր ինձ կողմ են քվեարկել, այն քաղաքացիների, ովքեր ինձ դեմ են քվեարկել, եւ իհարկե, այն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես, քվեարկության չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն՝ խնդիրներ կան, ուրեմն պրոբլեմներ կան եւ այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէին»: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում