«Ծառուկյան» դաշինքը նախընտրական քարոզարշավում թեժություն է արձանագրում

Նախընտրական քարոզարշավը որքան մոտենում է իր ավարտին, այնքան թեժանում է: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր հերթին հասարակությանը կողմնորոշելու համար առաջ է քաշում նոր մոտեցումներ, նոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Դրանով պայմանավորված՝պայքարը սրվում է: Մարտի 27-ին կայացած ասուլիսին նման դիտարկում արեց «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Կարծում եմ, որ այս լարված իրավիճակը կտևի, ներառյալ` մարտի 31-ը: Հատկապես վերջին օրերին պետք է թեժանա մրցապայքարը, ինչը և տեղի է ունենում: Այս ընտրությունների շնորհիվ մենք հնարավորություն ենք ստացել ձևավորելու ավելի արդյունավետ խորհրդարան»,-ասաց քաղաքական գործիչը:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի քաղաքական ծրագրի 15 կետերն ամենահասարակ, առաջնահերթ ու անհետաձգելի խնդիրներն են, որոնց լուծումից հետո կբարձրանա կառավարման համակարգի արդյունավետությունը, կկրճատվի եկամուտների բևեռացումը, կփոքրանան ստվերային տնտեսության սահմանները և կզարգանա փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Անհրաժեշտ է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել նպաստավոր պայմաններ` առաջ գնալու, արդյունք ստանալու համար:

Հարցին՝ արդյո՞ք անիրատեսական չեն «Ծառուկյան» դաշինքի առաջարկած խոստումները, Վարդան Բոստանջյանը նշեց. «Անիրատեսական ոչինչ գոյություն չունի: Ցանկացած երկիր, ցանկացած իշխանություն գործառույթների նվազագույն չափ ունի, որը իրավունք չունի չկատարելու, հակառակ դեպքում այդպիսի իշխանությունը պիտի զիջի իր դիրքերը և ուրիշը գա իշխանության»:

Պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ կոալիցիա չի կազմելու` անկախ ընտրությունների արդյունքից:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օսկա նյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում