Օբամայի պոպուլիստական կոչը Իրանին
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արեւելք մեկնելուց երկու օր առաջ Իրանին կոչ է արել անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել միջուկային ծրագրի հարցով համաձայնության գալու նպատակով: Մարտի 20-ին իր նախագահության ընթացքում առաջին անգամ Օբաման այցով կժամանի Իսրայել, որի ընթացքում քննարկման գլխավոր թեման կդառնա Իրանի շուրջ իրավիճակը:
Նովրուզի տոնի առթիվ տեսաուղերձում Օբաման հայտնել է, որ եթե Թեհրանը նման քայլեր ձեռնարկի, ապա Իրանի ժողովուրդը կտեսնի ավելի ընդլայնված առեւտրային հարաբերությունների առավելությունն այլ երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի: «ԱՄՆ-ն նախընտրում է այս հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Եթե իրանցի առաջնորդները հայտարարում են, որ միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, ապա խնդրի խաղաղ կարգավորման համար հիմք կա։ Այդ լուծումն Իրանին հնարավորություն կտա խաղաղ ատոմ ունենալու և վերջնականապես կլուծի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր լուրջ հարցերը»,-ասված է Օբամայի հայտարարության մեջ: Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն, որպես միջազգային հանրություն, պատրաստ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը՝ նման երաշխիքների առկայության դեպքում։ Նա նշել է, որ այս պահին նախաձեռնությունն Իրանի կառավարության ձեռքում է։
«Այժմ եկել է պահը, որ Իրանի կառավարությունը քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար և սկսի աշխատանքները՝ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Նման լուծում գտնելը մարտահրավեր է, բայց մենք կարող ենք դա անել, որպեսզի իրանցի ժողովուրդը հնարավորություն ստանա ամրապնդել կապերը, նաև առևտրային հարաբերություններ հաստատի այլ երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի հետ»,-նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ- նախագահի այս հայտարարությունը բավականին պոպուլիստական է, քանի որ Իրանի ղեկավարությունը երկրի գլուխ հանդիսացող բարձրագույն հոգևոր առաջնորդի և նախագահի կողմից բազմիցս է հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագիրը ունի խաղաղ բնույթ, ուստի բանակցությունների հիմքեր կան շատ վաղուց: