«ՀԿԵ» պատվիրակությունը մասնակցել է Պրահայի Բեռնափոխադրումների միջազգային երկաթուղային կոնֆերանսին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:

Միջոցառումը նվիրված էր եվրասիական երկաթուղային բեռնատար բիզնեսի զարգացմանը և կազմակերպվել էր Երկաթուղիների միջազգային խորհրդի, Երկաթուղիների համագործակցության կազմակերպության, Երկաթուղային տեխնիկայի արտադրողների եվրոպական ընկերակցության և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության մասնակցությամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին նաև Երկաթուղիների միջազգային խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, խորհրդի գլխավոր տնօրեն Ժան-Պիեր Լուբինուն, Եվրոպական երկաթուղային արդյունաբերության միության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սիտրոյենը և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության գործադիր տնօրեն Լիբոր Լոխմանը:

Կոնֆերանսի շրջանակներում կայացել է նաև Եվրասիական երկաթուղային համաժողովը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են երկաթուղիների դերը եվրասիական տրանսպորտային համակարգի զարգացման գործում:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի երկաթուղային համակարգի առկա հնարավորությունները և զարգացման հեռանկարները, տարանցիկ առավելությունները, ՀԿԵ-ի՝ որպես երկաթուղային ազգային փոխադրողի նպատակներն ու խնդիրները, Ընկերության ներդրումային քաղաքականությունը:

Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի հատման ուղիներում գտնվելով և հանդիսանալով Մետաքսե Մեծ ճանապարհի պետություններից մեկը՝ Հայաստանը իր երկաթուղային ենթակաքուցվածքով կարող է դառնալ կապող օղակ միջազգային տրանսպորտային հոսքերի համար: Դա թույլ կտա խուսափել երկաթուղային ենթակառուցվաքի լրացուցիչ բեռնվածությունից, ճանապարհի երկարացումից և տնտեսել միջոցներն ու ժամանակը, – ասաց նա:

Ընկերության ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, հայ-թուրքական սահմանում գտնվող «Ախուրյան» միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում