Շուտասելուկ բառակույտերը տպավորություն չեն թողնում. Ն.Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին մի շարք մեղադրանքներ է հնչեցրել: Այս մասին հաղորդում է aysor-ը:

«Մայիսին ընտրություն է լինելու, և ես վստահ եմ, որ դուք կեղծելու եք այդ ընտրությունները: Մենք այդ «մասնավոր դեպքի» վերաբերյալ քննարկում ենք ունեցել ԿԸՀ-ում, և Դուք հրաժարվել եք վկաներ կանչել: Դուք այդ նույն մեխանիզմով կեղծել եք այդ ընտրությունները, նախագահական ընտրությունները և կեղծելու եք առաջիկա ընտրությունները»,-ասել է Ն.Փաշինյանը: Վերջինս նաև հարց է հղել Տ.Մուկուչյանին՝ թե, արդյոք իր ներկայացրած հայտարարությունների մասով քրեական գործ հարուցվել է, մարդիկ պատժվել են կեղծիքների համար, թե ոչ:

Ի պատասխան Տ.Մուկուչյանը ասաց, որ իր դաստիարակությունը թույլ չի տալիս Փաշինյանին իր ոճով պատասխան տալ և որ վերջինս օգտվում է այդ հանգամանքից:
«Իսկ եթե գտնում եք, որ որևէ պետական մարմին համարժեք չի արձագանքել Ձեր ներկայացրած փաստերին, ապա կարող եք հարցը դատական ատյաններում վիճարկել: Ավելին, կոնկրետ ձեր ընտրատարածքի հետ կապված, կոնկրետ այդ հանգամանքներով, կա արդեն քննված գործ: Դուք դիմեցիք նաև ՍԴ, որը կայացրել է վերջնական ակտ, որոնք գնահատական են ներկայացրած բոլոր հանգամանքներին, և դա էլ հիմք է տալիս մեզ ամրագրել այն մոտեցումները, որոնք կան այսօր մեր հայտարարության մեջ»,- ասաց Մուկուչյանը:

Ն. Փաշինյանը հակադարձեց. «Եթե Ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջև ստեք և սուտ փաստեր ներկայացնեք: Ինչի՞ հաշվետվության մեջ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրացվել է հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ: ՍԴ-ն հարգանքը դեռ պետք է վաստակի, այսօրվա ՍԴ-ն արգահատանքի է արժանի: Ես պատրաստ եմ իմ ասածներն ապացուցել. Եկեք գնանք ցանկացած տեղ’բանավեճ, ցանկացած ֆորմատ…»:
Պատասխանելով Փաշինյանի հրավերին՝ ԿԸՀ նախագահը նկատեց, թե «ՍԴ-ում առիթ ունեցել ենք ձեր հիմնավորումները լսել, և ես այլևս հակված չեմ լսել Ձեր պարզաբանումները»:
Նիկոլ Փաշինյանը տեղից անընդհատ ելույթ էր ունենում և դիտողություններ անում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին’վարման կարգի վերաբերյալ իրեն ձայն չտալու համար: Ինչին ի պատասխան էլ Հ. Աբրահամյանը հերթական անգամ ընթերցեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 51 հոդվածը, որը սահմանում է վարման կարգի վերաբերյալ ելույթները:
«Դարձել եք միահեծան ղեկավար, բոլորին հրավիրում եք «նա կավյոռ»»,- խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում