Նիկոլ Փաշինյանը խոսել է այլ ուժերի հետ հետընտրական կոալիցիա կազմելու հավանականության մասին

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը:

Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով հարցին` որո՞նք են այն քաղաքական ուժերը, ում հետ «Ելք» դաշինքը կարող է կոալիցիա կազմել ընտրություններից հետո ընդգծեց, որ ինքը բազմիցս հանրության առաջ ստանձնել է պատասխանատվություն, որ բացառվու մ է ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ իրենք դրա համար իրենց բաժին գործը չեն անում:

«Հիմա երբ խոսքը գնում է խորհրդարանական ուժերի բաշխվածության մասին, մենք հստակ ասում ենք, եթե մենք տեսնենք, որ հնարավոր է ձևավորել իշխանություն` «Հանրապետական»-ին դարձնելով ընդդիմություն, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք: Սակայն մենք կոնկրետ ուժերի անուն երբեք չենք տվել ու չենք տալիս, որովհետև մեր կանխատեսումն այն է, որ այն ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կոալիցիա կկազմեն Հանրապետական կուսակցության հետ»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով` «Ելք» դաշինքի փորձագետների վերլուծությունների արդյունքներով իրենք կանխատեսում են, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցնելու երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը» և «Ելք» դաշինքը: Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանի կանխատեսումն այն է, որ հայ ժողովուրդը խորհրդարանում ականատես է լինելու Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան դաշինքի» սերտ համագործակցության, որի անունը, հնարավոր է, ոչ թե կոալիցիա դնեն, այլ ազգային համաձայնության կառավարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում