Եթե Զոլյանը ռեկտոր լիներ…

Երեկ «Հայկական ժամանակ» թերթը փոքրիկ զրույց է ունեցել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ, որին հաճախ կարելի է տեսնել Ազատության հրապարակում։

Թերթի թղթակիցը հիշեցրել է, որ 2008-ին Զոլյանն անձամբ էր վերահսկում, որ ուսանողները չմասնակցեին հանրահավաքներին, դասադուլ չանեին։ Հարցին, թե ի՞նչ փոխվեց հիմա, Զոլյանը պատասխանել է. «2008-ին բոլորովին այլ իրավիճակ էր։ Իսկ ինչո՞ւ եմ ես ուսանողներին անձամբ վերահսկել, դա սուտ է։ Ինչ վերաբերում է դասադուլներին, ես իհարկե բացասական եմ վերաբերվում դրան։ Երբ որ ի պաշտպանություն ինձ ուսանողներն ուզում էին դասադուլ անել, ես ինքս համոզեցի, որ չանեն։ Այսինքն՝ ուսանողն ինչ ուզում է թող անի, բայց դասերից հետո։ Սա մեկ։

Երկրորդը, ես կխնդրեմ, որ ուշադրություն դարձնեք այն խոսքերին, թե ինչ եմ ասել. որ գոյություն ունի իրավունք՝ քաղաքացու եւ մարդու օրինական իշխանություն ունենալու, եւ ես պաշտպանում եմ այդ իրավունքը»։

Հարցին, թե արդյոք եթե ռեկտոր լիներ, էլի՞ նույն կերպ կվարվեր, նախկին ռեկտորը պատասխանել է. «Եթե-ներով չխոսենք։ Փաստն այն է, որ ես իձ համարում եմ ռեկտոր, ուղղակի՝ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում