Մարտի 1-ի նոր հանձնաժողովը մահվան հանգամանքները չի՞ ուսումնասիրելու

2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը դրական է վերաբերվում նման եւս մի հանձնաժողովի ստեղծմանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ի պատասխան մեր հարցի՝ կկարողանա՞ հանձնաժողովն ինչ-որ բացահայտումներ անել առաջարկեց ուշադիր կարդալ ԱԺ որոշման նախագիծը, թե ինչ լիազորություններով է օժտվում այդ նոր հանձնաժողովը, ինչ խնդիրներ են դրվում նրա առջեւ:

Նշենք, որ որոշման նախագծի անվանման մեջ նշված է, թե հանձնաժողովը ստեղծվում է մարտի 1-2-ի դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրելու համար: Նշված չէ, որ այն ուսումնասիրելու է զոհերի մահվան դեպքերը կամ հանգամանքները:

Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե այդ նոր հանձնաժողովի գործունեության արդյունքում ինքն ակնկալում է, որ առնվազն 4-5 զոհվածների մահվան հանգամանքների քննությունը տեղից կշարժվի: Կարո՞ղ է նոր ժամանակավոր հանձնաժողովը նման խնդիր լուծել:

«Ես կցանկանայի, որ այդ հայտարարությունը լիներ իրատեսական, եւ հանձնաժողովն ունենար հաջողություններ: Բայց ես ընթերցում եմ, թե ինչի համար է ստեղծվում այդ հանձնաժողովը, եւ որեւէ դատողություն չեմ ուզում անել, հակառակ դեպքում պետք է պատմեմ, թե ինչ է արվել: Ես այդ դաշտը չեմ ուզում մտնել: Ես ուրախ կլինեմ, որ որեւէ մեկը կարողանա այդ հարցում առաջընթաց արձանագրել: Եվ եթե Գ. Ջհանգիրյանը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ ունի նոր ի հայտ եկած հանգամանքներ: Կամ հավանաբար մտածում է, թե նոր հանձնաժողովն ունենալու է նոր լիազորություններ, որոնց արդյունքում ինքը կարող է նման քայլեր անել: Հուսանք, որ այդպես կլինի, եւ ինչու չէ՝ Գ. Ջհանգիրյանը կարող է իր անձնական ներդրումն ունենալ այդ հարցում՝ հատկապես, որ ինքը փորձառու է»,- եզրափակեց Ս. Նիկոյանը»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում