ԱԺ խորհրդակցությունը մասնակցել են բոլոր ուժերը, բացի «Ժառանգությունից»

Երեկ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, բացի «Ժառանգությունից», ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը հետընտրական իրադարձությունների վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ կազմել են հայտարարության նախագիծ, որի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կարող է խորհրդարանի արտահերթ նիստ լինել:

Ըստ նրա, նախագծում կա առաջարկ՝ քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը: ՀՀԿ-ն սպասում է մյուս խմբակցությունների առաջարկներին: «Դա կարող է ընթացակարգ ապահովել երկխոսության համար: Քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է, կամ լինում ես այդ դաշտում կամ լուսանցքում ես մնում: Վաղը մենք առաջարկությունները կնայենք, հաջորդ օրը նորից կքննարկենք, տեսնենք, արդյունքները ինչպիսին կլինեն»,- ասել է Գ. Սահակյանը:

Հարցին, թե «Ժառանգությունն» է հետընտրական գործընթացների առանցքում, ինչպե՞ս եք առանց նրանց քննարկելու, Սահակյանը պատասխանեց. ««Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում: Դա նաև քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ: Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»:
«Նշենք, որ առաջարկները պետք է ընդունվեն կոնսենսուսով, և եթե «Ժառանգությունը» դեմ լինի, դրանք չեն ընդունվի»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում