Իսկ որտեղի՞ց է «քաղաքական ճգնաժամը»
Նմանատիպ
«Հայոց աշխարհն» անդրադարձել է այն հայտարարություններին, թե երկրում «քաղաքական ճգնաժամ» կա: Թերթը գրել է. «ճգնաժամը, այդ թվում՝ քաղաքական ճգնաժամը բնորոշող մի շարք գործոններ ու հատկանիշներ կան։ Հանրագումարում, քաղաքական ճգնաժամ ասվածը հանգում է առկա պրոցեսների անկառավարելիությանը, քաղաքական ինստիտուտների խզվածությանը, երկրի քաղաքական, պետական, գործադիր համակարգի կաթվածահար վիճակին։
Եթե հի՜ն, հայտնի ձեւակերպումը փոքր-ինչ ձեւափոխված նշենք, ապա ներքեւինները չեն ցանկանում, վերեւինները չեն կարողանում, իսկ կողայիններն էլ կամուկացի մեջ են։ Այսինքն՝ եթե լսենք «ճգնաժամային» հայտարարություններ անողներին, այսօր մեր երկրում նման մի պատկեր պետք է տեսնեինք։
Բայց կա՞ նման բան։ Ո՛չ, չկա։ Ավելին՝ ոչինչ չի վկայում, թե մեր երկրում քաղաքական ճգնաժամ է, ինչպես դա շարունակ պնդում են Թատերական հրապարակում «ֆորումի» նստած պատվարժան «սենատորները»։ Միասին դիտարկենք իրավիճակն ու համոզվենք։
Սկսենք, օրինակ, երկրի հիմնական քաղաքական մարմնից՝ խորհրդարանից։ Այսօր Ազգային ժողովը գործում է, նիստեր է գումարում, օրինագծեր ու խնդիրներ է քննարկում, ինչպես ասվում է՝ աշխատանքային ռեժիմում։ Ավելին՝ նույն այդ խորհրդարանում, իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսով որոշում են ընդունում 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող մի նոր հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ։
Տրամաբանական հարց է ծագում. եթե երկրում իսկապես «քաղաքական ճգնաժամ» է, ինչպես բացականչում են որոշ հռետորներ, ապա այդ ինչպե՞ս է, որ իշխանությունն ու ընդդիմությունը միասին նման մի հարցում շատ հանգիստ որոշում են կայացնում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որեւէ երկիր, որտեղ քաղաքական ճգնաժամ լինի ու միաժամանակ նման որոշում կայացվի։
Ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք է հենց քաղաքական ուժերի, կուսակցությունների վարքը՝ կարծեցյալ «քաղաքական ճգնաժամի» պայմաններում։ Տեսե՛ք. բոլոր լուրջ եւ քիչ թե շատ ակտիվ գործունեություն ծավալած քաղաքական ուժերը հենց այս օրերին ինտենսիվորեն զբաղված են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Այդ գործի վրա են թե՛ իշխող կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-Ը, թե՛ չիշխող ԲՀԿ-ն, թե՛ ընդդիմադիր ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, չհաշված արդեն «ճգնաժամի» մասին ամենից հաճախ խոսող «Ժառանգությունը»։ Բոլորը ավագանու թեկնածուների համամասնական ցուցակներ կազմելով կամ արդեն կազմածը հանրությանը ներկայացնելով, ընտրական փաստաթղթերը կարգի բերելով են զբաղված։
Մի՞թե հնարավոր է, որ իրական քաղաքական ճգնաժամի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը զբաղված լինեն մեկ այլ ընտրական, քաղաքական գործընթացով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում