Ր. Հովհաննիսյան. «Նոր Հայաստանի ժամանակը սրընթաց մոտենում է»

Երեկ, մարտի 19-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր հացադուլի տասներորդ օրը, Ազատության հրապարակում տվեց մամլո ասուլիս՝ պատասխանատվության կոչելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս կողմից ճշմարտության շարունակական խեղաթյուրման եւ 2013թ. փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակի ժխտման համար: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

«Ցավալի է, որ պարոն Սարգսյանը համառորեն շարունակում է պնդել իր թյուր պատկերացումները ժողովրդական շարժման ուժի նկատմամբ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Նա դեռեւս չի հասկացել, որ հայ ժողովուրդն այլեւս չի ճանաչում դե ֆակտո ղեկավարներին: Նոր Հայաստանի ժամանակը սրընթաց մոտենում է»:

Օրվա երկրորդ կեսին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին հրապարակում՝ մասնակցելու աճող ժողովրդականություն վայելող քաղաքացիական խորհուրդների շարքի երրորդ հանդիպմանը: Այսօրվա քննարկումը նվիրված էր Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու խնդրին: Հիմնական բանախոսը ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էր: Զեկույցով հանդես եկավ նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:

Երեկոյան Ազատության հրապարակի իր նստարանի հարեւանությամբ գտնվող սրճարանում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի հետ: Նրանք մանրամասնորեն քննարկեցին Հայաստանում ծավալված հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ հանրապետությունում ոչ թե երեւութական, այլ իրական ժողովրդավարության կայացմանն առնչվող խնդիրները:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կտա մամլո ասուլիս: Ժամը 17:00-ին կգումարվի հերթական քաղաքացիական խորհուրդը, որը կգլխավորի Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում