Արփինե Հովհաննիսյան. Ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն
Նմանատիպ
Ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանի 9/35 տեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, գրում է news.am-ը:
Քվարկությունից հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Հայաստանի վաղվա օրը պատկերացնում եմ առաջընթաց ապրող, անվտանգ Հայաստան։ Քարոզարշավը գնահատում եմ նորմալ։ Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին։ Այդ մասին առիթներ ունեցել եմ խոսելու, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ քարոզարշավը անցել է օրենքի սահմաններում, և ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել ընդհանուր գործընթացը, չեն եղել»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ տեղյակ չէ, թե Հանրապետականի շտաբում խախտումների մասին տեղեկություններ կան, թե ոչ. «Ես մամուլին հետեւելուց եմ տեսել, որ այլ կուսակցությունների կողմից խախտումների մասին ասվել է, բայց չգիտեմ, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն, եթե իրականում կա որևէ խնդիր, դրան արձագանք կլինի, հաշվի առնելով գրեթե բոլոր ընտրատարածքներում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ մեծ թիվը։ Ցանկացած միջադեպի հետ կապված անդրադարձներ եղել են»:
Հարցին, թե արդյոք ինքը վստահ է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքներ չի բաժանել, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ վստահեցնում է, որ այս ժամանակահատվածի ընթացքում ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն. «Թե ինչպիսի առանձին դեպքեր կարող են լինել, ես չեմ կարող այլ մարդկանց փոխարեն երաշխավորություն տալ, բայց ես վստահ եմ, որ դրա ազդեցությունը հավասար է զրոյի, այդ մասին փաստում եմ ոչ միայն ես, այլ նաև մեր ընդդիմադիր գործընկերները»:
Ի դեպ, նախարարի քվեարկության ընթացքում մի քաղաքացի բողոքեց մատնահետքերի հետ կապված խնդրի վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում