Օջալանը անզեն պայքարի կոչ է արել քրդերին

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդիպում է ունեցել Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Աբդուլլահ Օջալանը «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիրն է: Նա այժմ ցմահ բանտարկյալ է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ’ նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն’ Քուրդիստան:

Ըստ թուրքական « Ռադիքալ» օրաթերթի’ Դեմիրաշը պատմել է հանդիպման մասին որոշ մանրամասներ: Ըստ նրա’ Օջալանն ասել է, որ անում է իրեն բաժին ընկածը և թուրքական կառավարությունը պետք է այս հարմար առիթը բաց չթողնի: «Սա ապստամբություն է , ես էլ ապստամբության առաջնորդն եմ»:

Նա պատմել է, որ Օջալանը խնդրին անզեն ու առանց զոհերի լուծում տալու հարցում չափազանց վճռական է, միայն թե իշխող կուսակցությունը պատեհ առիթը բաց չթողնի:Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում քրդերի կողմից գերի պահվող թուրք պաշտոնյաների հանձնումից հետո հարաբերական անդորր է գրանցվել, որը համարում են բանակցությունների նախապայման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում