Կառավարությունում էական փոփոխություններ չե՞ն սպասվում

Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը Աժ-ում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրել է ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նոր կառավարության կազմում, որ պատրաստվում է կազմել Ս. Սարգսյանը, ինքը չի լինելու:

«Բեգլարյանը պատասխանել է, թե այս պահին ոչ ոք չգիտի ինքը կառավարության կազմում լինելու է. թե ոչ: Նշենք, որ վերջինս շատ էր ցանկանում հետ վերադառնալ Երեւանի քաղաքապետարան քաղաքապետի կարգավիճակով, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը չուզեց: Այս օրերին տեղեկություններ կային նաեւ, թե Սարգսյանի կառավարության կազմում չի լինելու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս:

Երեկ նա այդ խոսակցությունները բամբասանք է որակել: Կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին է հերքել մամուլում հայտնված այն լուրերը, թե ինքը դեսպան է նշանակվելու Ֆրանսիայում: Լուրեր կային նաեւ, թե առաջիկայում միավորվելու են ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը: «Մենք տեղեկացրել էինք, որ իշխանության վերնախավում հրաժարվել են այդ գաղափարից: Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով առողջական խնդիրներ ունի, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սարգսյանի կառավարությունում շարունակելու է պաշտոնավարել նույն կարգավիճակով: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի:

Այնուհետեւ Հակոբյանը կուղարկվի վաստակած հանգստի: Արդեն այդ ժամանակ, ըստ դեռեւս գործող պայմանավորվածության, այդ պաշտոնում նրան փոխարինելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը Արզուման Հարությունյանը: Սերժ Սարգսյանն օրերս մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, թե լուրջ փոփոխություններ ինքը չի պատրաստվում անել իր կառավարության կազմում»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում