Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները կհամոզեն իրենց որդուն դադարեցնել

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողների՝ Հայաստան ժամանելուն’ «168 Ժամ»-ը գրել է. «Տեր և Տիկին Հովհաննիսյանները’ որպես ծնողներ, մտահոգ լինելով իրենց որդու առողջության համար, բնականաբար, նրան հորդորելու են դադարեցնել հացադուլը, ամեն ինչ անելու են դրանում Րաֆֆի Հովհաննիսյանին համոզելու համար: Իսկ դա իր հերթին’ անխուսափելիորեն ունենալու է քաղաքական հետևանք, քանի որ պայքարը բարոյականից տեղափոխվելու է քաղաքական հարթություն: Այս հեռանկարը, բնականաբար, հաշվարկել է նաև իշխանությունը, որը, որքան էլ ցույց տա, թե մտահոգված չէ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներով, միևնույն է, մտահոգ է հնարավոր զարգացումներից այնքանով, որ դրանք անկանխատեսելի են և կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից:

Թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի’ հացադուլի մասին որոշման հայտարարությունից հետո իշխանությունները դիվանագիտական և սփյուռքի կառույցների միջոցով կապ են հաստատել Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի հետ և խնդրել նրան ազդել որդու վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պայքարի այդ միջոցից և դադարեցնի հացադուլը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, հեղինակավոր պատմաբանն իշխանության բանագնացներին փոխանցել է, որ անկախ այդ խնդրանքից’ ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, քանի որ չափազանց մտահոգ է որդու առողջության համար: Միևնույն ժամանակ’ Ռ. Կ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վստահ է’ իր այցելությունը և հորդորները չեն կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում