Րաֆֆի Հովհաննիսյանի` ապրիլի 9-ին կազմակերպելիք միջոցառումը վիզուալ էֆեկտ է

«Հայոց աշխարհը» գրում է. «Հայտնի է, որ ապրիլի 9-ին ընդառաջ ինչ-ինչ պատրաստություններ են տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները եւս։ Որքան էլ ծիծաղելի հնչի, նրանք էլ են պատրաստվում «երդմնակալության արարողություն» անցկացնել, որի ժամանակ, ինչպես դժվար չէ կռահել, ինքնակոչ «նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանին նրա կողմնակիցները մի անգամ էլ «նախագահ» կհռչակեն։

Այդ մտահղացման հեղինակներից Ն.Փաշինյանի մոտեցումը հանգում էր Հայաստանում «Լիբիա-2» իրավիճակ ստեղծելու ուտոպիստական մտադրությանը, որի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ «ստվերային կառավարություն» ասվածը պիտի լիներ։ …«Ստվերային կառավարությունից» բան չստացվեց:… Եթե ավելի խորն ենք դիտարկում այս ամենը, նաեւ ակնհայտ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախատեսած ապրիլի 9-ի միջոցառումը զուտ «վիզուալ էֆեկտ» է, պարզ ասած՝ թամաշա, ներկայացում եւ ուրիշ ոչինչ։…Անհեթեթություն ու միամտություն կլինի կարծել, թե դրանից հետո Հայաստանը երկու նախագահ է ունենալու, կամ, ասենք, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, չհաշված մյուս երկրները, կարծելու են, թե Հայաստանը երկու կառավարություն ունի եւ այլն, եւ այլն։

Էլ չենք ասում, որ Հայաստանի քաղաքացիների մի ահռելի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական միջոցառումներին արդեն վերաբերվում է որպես պարզ հետաքրքրության առարկայի՝ լավագույն դեպքում։ ….Րաֆֆի Հովհաննիսյաննը, իհարկե, իր «երդման» հանրահավաքը կանի, բայց ի՞նչ ազդեցություն կունենա դա ներքաղաքական իրավիճակի ու զարգացումների վրա։ Ոչ մի կամ գրեթե ոչ մի։ Ասում ենք՝ գրեթե, քանզի այդ ակցիան, դրա հիմնական մասնակցի վրա ազդեցություն, այնուամենայնիվ, կունենա։ Րաֆֆի Հովհաննիսյանը է՛լ ավելի շատ կսկսի իրեն նախագահ երեւակայել, կշարունակի «իքսեր» նկարել եւ հանրագումարում կհայտնվի իր իսկ կառուցած փակուղու մեջ։
Եթե ձայների 37 %-ն ստացած գործիչն ինքն իրեն նախագահ է համարում, ապա նրան արդեն ոչինչ չի օգնի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում